Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին այցելել է «Անանիա Շիրակացի» ճեմարան, ծանոթացել է ճեմարանի առօրյային, մասնակցել եւ ելույթ է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված` ճեմարանի ավագ դպրոցի հանդիսավոր տողանին:
Իսկ այսօր` սեպտեմբերի 2-ին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթահամալիրի սաներին եւ ուսուցիչներին, շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ մաղթել նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել խաղաղություն: Ես մաղթում եմ ձեզ միշտ հիշել այդ մասին ու պահպանել մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենալ, որովհետեւ որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք: Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Բացի կրթությունից` դպրոցում աշակերտները ստանում են նաեւ համապատասխան դաստիարակություն, որում մեծ դեր պետք է հատկացվի ռազմահայրենասիրությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու հետագա ծրագրերը: Կարեւորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում, Սեյրան Օհանյանը փաստել է, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈՒ-ի զորամասերին: Աշակերտները պարբերաբար այցելում են զորամասեր, հանդիպումներ են ունենում զինծառայողների հետ, ծանոթանում զինվորական ծառայության պայմաններին:
«Անանիա Շիրակացի» ճեմարան եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կատարած այցերի շրջանակում նախարար Օհանյանը պատասխանել է նաեւ կրթօջախների սաներին հետաքրքրող հարցերին:




























