Ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունքը պետք է ժողովրդի ձեռքում լինի: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի պաշտոնը ժողովրդի իշխանության յուրացման միջոցով զբաղեցնող Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո, անակնկալ հայտարարություն է արել այն մասին, իբրեւ թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում:

Արցախի հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, վերպետական միջազգային կազմակերպություններին (Եվրասիական կամ Եվրոպական միություններ), ինչպես նաեւ ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցման հարցերը վերաբերում են հայության ռազմավարական շահերին:

Նման հարցերն իրենց բնույթով ու տրամաչափով ճակատագրական նշանակություն ունեն ամբողջ ազգի համար, ուստի դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը բացառապես ժողովրդին է պատկանում: Որեւէ պետական կառավարման մարմին` խորհրդարան, նախագահ կամ կառավարություն, եթե անգամ լեգիտիմ կերպով է ձեւավորվել, չի կարող նման հարցերի վերաբերյալ հանդես գալ եւ որոշումներ կայացնել Հայաստանի անունից:

Մինչդեռ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի պարագայում սովորական է դարձել գաղտնի ռեժիմով ու միանձնյա կերպով ազգի թիկունքում նման որոշումների կայացումը:

Մաքսային միությանը միանալը` որպես հետագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհով Եվրասիական միության կազմում հայտնվելու առաջին քայլ, ինչպես նաեւ Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրի կնքումը` որպես այդ Միության կազմում հայտնվելու նախադուռ, ենթադրում են ՀՀ ինքնիշխանության եւ հայության ռազմավարական շահերի միակողմանի զիջում հանուն այդ կազմակերպությունների նպատակների:

Մասնավորապես` նման հեռանկարը, դեռեւս չկարգավորված Արցախյան հակամարտության պայմաններում, Արցախի հետ ՀՀ ձեւական սահմանի պրոբլեմը տեղափոխելու է միջազգային հարաբերությունների նոր համատեքստի մեջ` դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով: Այս հեռանկարից հրաժարվելու հիմնավոր պատճառներ են նաեւ տարածաշրջանային անկայունությունը եւ նրա ամբողջ տարածքում պատերազմի բռնկման վտանգն ու դրա հնարավոր հետեւանքները, քանի որ դա Հայաստանին կզրկի նման իրավիճակներում կենսականորեն անհրաժեշտ ինքնուրույնությունից ու ճկունությունից:

Վերպետական կազմակերպություններին մաս կազմելու հեռանկարը չի կարող դիտարկվել անգամ Արցախյան հակամարտության հայանպաստ լուծումից ու տարածաշրջանում որոշակի կայունության հաստատումից հետո, քանի որ տեսանելի ապագայում Հայ ժողովրդի եւ հայկական պետության գերխնդիրը ցեղասպանության հետեւանքների ամբողջական հաղթահարումն է լինելու, ինչը ենթադրում է Հայաստանի արտաքին անվտանգության առավելագույնս ճկուն, դինամիկ եւ արդյունավետ ռազմավարություն, որի առանցքը պետք է լինի Հայաստանակենտրոնությունը:

Մինչդեռ գոյություն ունեցող վերպետական միջազգային կազմակերպությունները, հատկապես համադաշնության սկզբունքով ձեւավորվողները, որոնց դասին են պատկանում նաեւ Եվրասիական Միությունը եւ Եվրոպական Միությունը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական դաշինքները, ոչ միայն նման նպատակ չեն հետապնդում, այլեւ համատեքստային հակասության մեջ են այս գերխնդրի հետ: Ավելին, դրանց ներկազմակերպական կանոնները օբյեկտիվորեն կաշկանդում եւ էապես նվազեցնում են անդամակցող պետությունների հնարավորությունները կազմակերպության նպատակներին չհամապատասխանող խնդիրների լուծման գործում:

Միայն Հայաստանի եւ նրա քաղաքացիների` լիարժեք կերպով ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության պահպանումը կարող է այս անկայուն ժամանակներում մեր երկիրը ոչ միայն փրկել հերթական անգամ աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամ դառնալու հեռանկարից, այլեւ նրան վերածելու ներկայիս քաղաքակրթական խզվածքը կամրջող քաղաքական սուբյեկտի ու տարածաշրջանային կայունարարի: 

Այս առումով հայ ժողովրդի թիկունքում նրա շահերի հաշվին ձեռք բերվող պայմանավորվածությունները ծառայելու են միայն օտարի շահերին եւ կոչված են մեր երկրի ինքնիշխանության, բարեկեցության եւ ժողովրդավարության հեռանկարի կորստի հաշվին կարճաժամկետ հեռանկարում հետաձգելու Հայաստանում արմատական բնույթի քաղաքական ու սոցիալ-տնտեսական փոփոխությունները եւ ոստիկանապետական մեթոդներով երկարաձգելու քաղաքական ինքնակոչի անփառունակ կառավարման ժամկետը:

Նախախորհրդարանը խստորեն դատապարտում եւ մերժում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգող որեւէ քաղաքական զարգացում եւ ի տես վերահաս ազգային աղետի բոլոր քաղաքական-քաղաքացիական ուժերին կոչ է անում միավորել ջանքերն ու պայքարել հանուն  ազգային եւ մարդկային արժանապատվության ու ազատության, հանուն մեր երկրի ազգային-ժողովրդավարական հեռանկարի, ինչպես նաեւ հայության անօտարելի իրավունքների վերականգնման»: