Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, սեպտեմբերի 6-7-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել երաժշտագետներ եւ երաժիշտներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ռիգայից, Թբիլիսիից, Ստեփանակերտից: Գիտաժողովին կմասնակցեն նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի, ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները զեկուցումներով կանդրադառնան Ա. Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությանը: Գիտաժողովի շրջանակում կներկայացվեն նաեւ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդերը, կներկայացվեն թանգարանի կրթական ծրագրերը եւ կքննարկվեն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման ձեւաչափերը: