Եվրամիությունը խորհրդակցություններ է անցկացնում հայկական կողմի հետ, որպեսզի պարզի, թե ինչպիսին են նրա մտադրությունները եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ վերջին որոշումը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վրա, ներառյալ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես NEWS.am-ին հայտնել են ԵՄ-ում Լիտվայի նախագահության մամուլի ծառայությունից, հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:

Նրա խոսքով՝ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը քննարկվում է Ռուսաստանի կողմից ճնշման համատեքստում, որը կիրառվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵՄ մյուս գործընկերների վրա:

Լինկյավիչուսը նշել է, որ ասոցացման համաձայնագիրը, ներառյալ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, համապարփակ մոդեռնիզացման եւ բարեփոխումների հիմք են՝ հիմնված ընդհանուր նորմերի ու արժեքների վրա:

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի հետ գործընկերությանը՝ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում եւ կշարունակենք աջակցել Հայաստանում, ինչպես նաեւ այլ երկրներում համապարփակ բարեփոխումների գործընթացին»,-հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարը: