Բրատիսլավայում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, բացվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ 15-րդ հոբելյանական համագումարը:, որտեղ քննարկվելու են եվրոպահայերի լոբբիստական գործունեության հզորացման հնարավորությունները:

Այս առնչությամբ, ԵՀՄՖ մամլո քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխատանքների կոորդինացումից բացի Ֆորումը զբաղվելու է վերջին տարիներին ուժգնացած ազեր-թուրքական լոբբինգի աշխատանքները վնասազերծելու ուղղությամբ: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք տապալումների արդյունքում առաջացած ներկայիս վիճակից ելքեր գտնելու վրա: Առաջին անգամ ԵՀՄՖ-ն քննարկելու է Հայաստանի ներքին քաղաքական հարցերը, հատկապես ուշադրություն դարձնելով իշխանությունների անպատասխանատու գործունեության հետեւանքով աննախադեպ ծավալներ ստացած արտագաղթի դեմն առնելու հարցը: Ֆորումում առաջին անգամ ներկայացվելու է աշխարհի  տարբեր բանակներում ծառայած հայ արհեստավարժ սպայական կազմի եւ վետերանների միություն ստեղծելու առաջարկությունը՝ այն Հայրենիքի պաշտպանության հզորացման համար ծառայեցնելու միտումով: Քննարկվելու են նաեւ Հայաստանի իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելու եւ կամ իշխանափոխության խնդիրները: Ֆորումին ներկա են գտնվելու Եվրոպայի  25 երկրների պատվիրակներ, ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հյուրեր: Առաջին անգամ Ֆորումի աշխատանքներին մասնակցելու են Իսպանիայի մեծածավալ հայ համայնքի ներկայացուցիչները, Դանիայի հայ համայնքի պատվիրակները եւ Ռուսաստանից նշանավոր հայեր, այդ թվում Ղարաբաղը ներկայացնող խոշոր գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Ի թիվս բազմաթիվ ողջույնների եւ շնորհավորանքների, Համագումարը ստացել է աշխարհի ամենահայտնի հայ՝ Շառլ Ազնավուրի ողջույնի խոսքը եւ համաձայնությունը «Քեզ համար Հայաստան» երգը ԵՀՄՖ-ի հիմն դարձնելու համար: Համագումարի արդյունքները ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը օպերատիվ կներկայացնի լրատվամիջոցներին»: