Եվրախորհրդարանն իր օրակարգում ներառել է Ռուսաստանի կողմից Արեւելյան գործընկերության երկրների վրա ճնշում գործադրելու հարցը: Նման որոշում սեպտեմբերի 5-ին կայացվել է Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նախագահների կոնֆերանսի ժամանակ:
«Ռուսաստանի կողմից վերջերս գործադրված ճնշումն ու դրա հետեւանքներն Արեւելյան գործընկերության երկրների վրա, Հայաստանի հայտարարութունը՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին, Վրաստանի վարչապետի հայտարարությունները՝ նման հնարավորությունը դիտարկելու վերաբերյալ, Ուկրաինայի հետ առեւտրային պատերազմը, Մոլդովայի հասցեին մի շարք սպառնալիքները փորձ են, կասկածի տակ դնելու ամբողջ Արեւելյան գործընկերությունը: Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանն այդ հարցի առնչությամբ հստակ դիրքորոշում կունենա»,-հայտարարել է ԵՎՐԱՆԵՍՏ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, փոխանցում է «Զերկալո նեդելին»:
Եվրախորհրդարանում այդ հարցի քննարկումը նախաձեռնել են ԵԺԿ անդամները: Այս նախաձեռնությանն աջակցում են նաեւ այլ քաղաքական ուժեր:
Սպասվում է, որ քննարկումը տեղի կունենա Ստրասբուրգում սեպտեմբերի 11-ին: Բանաձեւի շուրջ քվեարկությունը տեղի կունենա քննարկումից անմիջապես հետո:





























