Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում, որ Հայաստանը լքել է Եվրոպական վեկտորը եւ վերադարձել ենք Խորհրդային միություն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ այդ որոշումը, կարծեք, կայացվել է հենց Մոսկվայում: «Նույնիսկ նախագահի արտահայտությունները մի քիչ տարբեր են պաշտոնական հայտարարություններից: Նախագահը հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասում է «փոխանցեցի Հայաստանի ցանկությունը», այնինչ հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի որոշման մասին: Ո՞վ է որոշել, որտե՞ղ է որոշվել, ոչինչ չի ասվում: Սխալն այստեղ այդ որոշումը կայացնելու ձեւն է, պատճառները եւ ոչ անպայման, ըստ էության, որոշումը, որ իրականության մեջ տակավին կոնկրետ արդյունք չի կարող տալ: Ճիշտ այնպես ինչպես Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը այնքան էլ կոնկրետ արդյուքներ անմիջապես չէին տա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ կայացված որոշումը չի նշանակում, որ վաղն առավոտյան կամ երկու ամսից մաս ենք կազմելու Մաքսային միությանը:
Մանոյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի առջեւ ընտրություն կատարելու որոշում կդրվի: Նա դժգոհեց նաեւ, որ երկրի իշխանությունները Հայաստանի մյուս քաղաքական ուժերին այդ որոշմանը չէին նախապատրաստել, նույնն է իրավիճակը նաեւ Եվրամիության դեպքում: «Եվրամիությանը եւս չէին նախապատրաստել եւ դա կարող է դժգոհություն պատճառ դառնալ: Ոչ թե որոշումը, այլ որ իրենց տեղյակ չեն պահել այդ մասին: Այդ պարագայում մեր հասարակության մեջ էլ դժգոհության ալիքն ավելի նվազ կլիներ, եթե համապաատասխան աշխատանք տարած լինեին»,- նշեց Կիրո Մանոյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























