Հայաստանը պատրաստ է 2013թ. նոյեմբերին  նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ Միասնական մաքսային միություն մտնելը չի խանգարի ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքական ասոցացմանը:

«Մենք պատրաստ ենք նոյեմբերին Վիլնյուսում  նախաստորագրել այդ համաձայնագիրը»,– հայտարարել է Ա. Բաղդասարյանը: Նշենք, մի քանի անգամ հիշատակելով ԵՄ-ի հետ ասոցացումը՝ Բաղդասարյանը մասնավորեցնում էր՝ «քաղաքական»:  «Մենք բարձր ենք գնահատում այն, ինչը կարող է տալ Եվրոպայի հետ համագործակցությունը եւ այն, ինչն արդեն ստացել ենք՝ դատական համակարգի բարեփոխում, մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության կայացում: Ոչ ոք չի պատրաստվում այս մասին մոռանալ եւ դադարեցնել այս բնագավառում համագործակցությունը: Եվրոպական արժեքները չափազանց կարեւոր են մեզ համար», –ասել է Ա. Բաղդասարյանը:

 Ինչ վերաբերում է եվրոպական ասոցացման տնտեսական կողմին, ապա, նա հավելել է, օբյեկտիվ իրականությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիրը (DCFTA) Հայաստանին չի տա այն, ինչը տալիս է Միասնական մաքսային միությունը:

 «ԵՄ-ի հետ DCFTA-ի ուղղությամբ աշխատանքն ավարտվել է 99%-ով, եւ մենք կարողացանք համեմատել երկու պայմանագրերի առավելությունները: Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք Հայաստանի արտահանման ներուժը: Ուսումնասիրել ենք սակագները, որոնք Միասնական մաքսային միությունը  կիրառում է երրորդ երկրների նկատմամբ: Ոչ ոք չի ասում, որ մեր որակյալ ապրանքների արտահանման համար եվրոպական շուկան փակ կլինի: Իսկ եթե խոսում ենք  մետաղագործական արտադրանքի մասին, ապա այն առանց այդ էլ մատակարարվում է Եվրոպա: Մնացած առումներով մեր արտահանումը ուղղված է Մաքսային միության երկրներ», – նշել է Ա. Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարի խոսքով՝ պետք չէ մոռանալ այն մասին, որ միասնական տարածքը նախատեսում է նաեւ մարդկանց ազատ տեղաշարժը, իսկ Ռուսաստանում այժմ 2.5 մլն հայ է բնակվում: «Չէ՞ որ մենք անհանգստանում ենք, երբ մեր հայրենակիցների հետ Ռուսաստանում ինչ-որ բան է պատահում», – հավելել է նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am