Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանին կոչ է անուն դադարեցնել Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ «մանիպուլյացիան եւ շանտաժը»:

Բանաձեւում ընդգծվում է, որ Ռուսաստանը առեւտրային քաշքշուկ է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, ինչպես նաեւ սպառնացել է Հայաստանի ազգային շահերին՝ ստիպելով, որ երկիրը համաձայնի Մաքսային միությանն անդամակցելուն: «Բացի այդ, այդ գործունեությունն ուղեկցվել է զանգվածային տեղեկատվական քարոզչությամբ՝ ուղղված Ասոցացման մասին համաձայնագրի առավելությունները խեղաթյուրելուն, ինչպես նաեւ ԵՄ հետ  ինտեգրման հիմնական կողմնակիցների դեմ»,-նշվում է բանաձեւում:

ԵԺԿ-ն վստահություն է հայտնում, որ Ռուսաստանի անընդունելի պահվածքը կանդրադառնա ԵՄ հետ հարաբերությունների վրա: «ԵԺԿ-ն քննադատում է Ռուսաստանի կողմից Հայաստանի կառավարության վրա գործադրած ճնշումը եւ ցավում է Հայաստանի նախագահի՝ Եվրասիական մաքսային միությանը անդամակցելու որոշման համար»,-ասվում է բանաձեւում:

Փաստաթղթում ԵՄ-ին կոչ են անում պաշտպանել Արեւելյան գործընկերության երկրներին:

ԵԺԿ-ն ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցելը անհամատեղելի է Ասոցացման մասին համաձայնագրի կնքման հետ, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի:

ԵԺԿ-ն անհանգստացած է նաեւ Վրաստանի վարչապետի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Մաքսային միության  նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքին: Կուսակցությունը Վրաստանին կոչ է անում շարունակել իր քաղաքականությունը եվրոպական ինտեգրման ուղղությամբ: