Եթե տնտեսական հարցերի շուրջ անհաղթահարելի խոչընդոտներ լինեն Հայաստանի` Խորը ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրին միանալու եւ Մաքսային միությանն անդամակցելու միջեւ, ապա ցանկալի է եւ մեր առաջարկությունն է, որ Վիլնյուսում Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի: Այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի, ինչպես նաեւ քննարկումների ժամանակ ասել է Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակությունից ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ այս փուլում եվրոպական գործընկերների մեծ մասը քննարկումների ժամանակ բացառում է նման հանգուցալուծումը: «Խնդիրն, ըստ ամենայնի, ոչ թե տեխնիկական հարցերի մեջ է, որքան Արեւելյան գործընկերության շրջանակներում նման նախադեպ չստեղծելու մեջ»,-ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ եվրոպացի գործընկերներին հայտնել են, որ Հայաստանի` Մաքսային միություն մտնելու դիրքորոշումը բացառապես Հայաստանի ընտրությունն է` Հայաստանի շահերից ելնելով: «Ասել ենք, որ Հայաստանը եվրոպական երկիր է ի բնե, Հայաստանի ժողովուրդը եվրոպական ժողովուրդ է իր ծագումնաբանությամբ եւ Հայաստանի եվրոպականացումը կապված չէ քաղաքական դիրքորոշումներից, դա քաղաքակրթական իրողություն է, Եվրոպայի հետ մենք ընդհանուր արժեհամակարգային հիմք ունենք` քրիստոնեական բարոյագիտության վրա խարսխված: Մենք ունենք Եվրոպայի աջակցության կարիքն այսօր, ավելի քան երբեւէ, որպեսզի շարունակենք քաղաքական բարեփոխումների այն փաթեթը, որն հաջողությամբ իրականացրել ենք վերջին տարիների ընթացքում: Ասել ենք նաեւ, որ այս բարեփոխումների համար շնորհակալ են եվրոպական գործընկերներին աջակցության համար եւ հույս ենք հայտնում, որ այդ աջակցությունը շարունակվելու է»,- Բրյուսելից փոխանցեց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները համեմատել է համակարգչային ֆայլի հետ, որի վրա երկար աշխատում ենք եւ առանձնացրել երեք տարբերակ: «Առաջինն այն է` փակել այդ ֆայլը առանց հիշելու՝ save անելու, կատարված աշխատանքը: Երկրորդ տարբերակն այն է, որ save անենք կատարված աշխատանքը եւ փակենք ֆայլը: Իսկ երրորդ տարբերակը այն է, որ save անենք այն, ինչ-որ արել ենք եւ շարունակենք աշխատել: Մենք երրորդ տարբերակի կողմնակից ենք, որ save անենք այն, ինչ-որ ունենք եւ շարունակենք աշխատել այդ ֆայլի վրա: Իսկ ԵԺԿ-ի շրջանակներում Հայաստանի շուրջ քննարկումները եվրոպացի գործընկերներն ավելի շատ դիտում են որպես Արեւելյան գործընկերության գործընթացի մաս, հետեւաբար` ցավոք, միայն հայաստանյան խնդիրներով չէ թելադրված մեր եվրոպացի գործընկերների այսօրվա արձագանքները: Բայց մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակում, ավելի հանդարտ եւ խորքային վերլուծությունների արդյունքում իրենք կվերագնահատեն այն ահռելի աշխատանքը, որն արվել է Հայաստանում իրենց կողմից եւ բարեփոխումների կես ճանապարհից Հայաստանը մենակ չի մնա»,- ասաց Կրթության եւ գիտության նախարարը:
Արմեն Աշոտյանը Հայաստան կվերադառնա վաղը, իսկ այսօր շարունակվում է ԵԺԿ նիստը: Քաղաքական վեհաժողովի օրակարգում 20-ից ավել հարցեր կան, հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է քննարկումներին: Արմեն Աշոտյանը հաղորդեց, որ համաժողովն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնության դեպքերը Եգիպտոսում, Սիրիայում եւ Ալբանիայում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























