Եվրամիությունը պետք է Սիրիայի հարցով միասնական դիրքորոշում ցուցաբերի՝ դատապարտելով Բաշար Ասադի կառավարության գործողությունները: Այսօր AFP-ի հետ հարցազրույցում նման կոչ է արել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա ֆրանսիական պատվիրակության կազմում մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող  G20-ի գագաթաժողովին:

Ըստ ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի՝ խոսքն այն մասին է, որ Եվրոպան, վերջապես, միասնական տեսակետ մշակի սիրիական հարցի շուրջ՝ հաղթահարելով ներքին տարաձայնությունները: Նա ընդգծել է, որ Վիլնյուսում հանդիպում անցկացնող Եվրամիության երկրների արտգործնախարարները պետք է «առնվազն» ընդունեն սիրիական իշխանությունների  մեղքը քիմիական զենք կիրառելու հարցում:

Նա նաեւ հավելել է, որ կարող են բարդություններ ծագել՝ կապված այն բանի հետ, թե «ինչ եզրահանգումներ կարվեն դրանից», քանի որ եվրոպական երկրների մի մասը պատրաստ է համաձայնություն տալ Սիրիայի դեմ ռազմական գործողությանը՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ի կարծիքը, մյուս մասն էլ պահանջում է ԱԽ-ի պարտադիր համաձայնությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ՌԻԱ Նովոստին» ՌԴ ԱԳՆ-ն վկայակոչելով հայտնում է, որ սիրիական հարցը քննարկվել է նաեւ Լորան Ֆաբիուսի եւ նրա ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում:

Սպասվում է, որ սեպտեմբերի 7-ին Վիլնյուսում կկայանա  ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպումը: