G20-ին մասնակից ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան առայժմ միակն է, որ սիրիական հակամարտության ուժային լուծում է պահանջում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ֆրանսիական պատվիրակության աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ «Ֆրանսիան այս հարցում մեկուսացած է»: Ֆրանսիական կողմը գործընկերների ուշադրությունը հրավիրել էր Սիրիայի հարցում միասնական դիրքորոշման մշակման անհրաժեշտության վրա, քանի որ «հետո ավելի վատ կլինի»:
Աղբյուրը նշել է, որ Սիրիան քիմիական զենքի կիրառման մի շարք կանոններ է խախտել:
Սանկտ Պետերբուրգում «քսանի» գագաթաժողովին մասնակից ԵՄ երկրները այս առավոտյան Սիրիայի ճգնաժամի հարցով առանձին հանդիպում են անցկացրել, բայց անգամ իրենց ներսում փոխըմբռնման չեն հասել: ԱՄՆ-ի նախատեսած ռազմական միջամտությանը նախկինի պես պատրաստ է մասնակցել միայն Ֆրանսիան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի կառույցների առաջնորդները հերթական անգամ հաստատել են «Սիրիայի ժողովրդին հումանիտար աջակցություն» ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը:
Գերմանիայում եւ Իտալիայում կտրականպես բացառել են Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողությանն իրենց մասնակցությունը: Իսկ Մեծ Բրիտանիան խորհրդարանում կառավարության ռազմական ծրագրերի տապալումից հետո պատրաստ է ԱՄՆ-ին միայն քաղաքական աջակցություն ցուցաբերել:





























