ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը սեպտեմբերի 6-ին «մեծ քսանյակի»՝ G20-ի, շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանցիայի առաջնորդների հետ, որոնց ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակն ու այլ արդիական խնդիրներ, հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Թուրքիայի վարչապետի հետ երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւ միջազգային հանրության արձագանքը: Բացի այդ, ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է Անկարայի ջանքերը՝ ուղղված Կիպրոսում իրավիճակը կարգավորելուն:
Գերմանիայի կանցլերի հետ սիրիական հարցը քննարկելիս Բան Կի-մունը կանգ է առել հումանիտար օգնության թեմայի վրա, ինչպես նաեւ տեղեկացրել է նրան քիմիական հարձակման մասին հետաքննության ընթացքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի նախագահի, երկրի ԱԳ նախարարի եւ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ընթացքում նա քննարկել է «Ժնեւ-2» կոնֆերանսի նախապատրաստման ընթացքը:





























