Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացնում է զերծ մնալ Սիրիայի քիմիական օբյեկտներին հարվածելուց, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում, որն արվել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների «սցենարների» վերաբերյալ Վաշինգտոնում տարվող քննարկումների կապակցությամբ:
«Ուշադիր հետեւում ենք ներքին հակամարտությանը ԱՄՆ-ի հնարավոր հակաօրինական միջամտության չափորոշիչների վերաբերյալ Վաշինգտոնում ընթացող քննարկումներին: Հատկապես անհանգստությամբ ենք ընդունում այն փաստը, որ հարվածներ հասցնելու հնարավոր թիրախների շարքում դիտարկվում են ռազմական ենթակառույցների օբյեկտները, որոնք ապահովում են սիրիական քիմիական զինանոցի անվտանգությունը:
Այս կապակցությամբ նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին՝ զերծ մնալ քիմիական օբյեկտներին ցանկացած հարված հասցնելուց: Նման գործողությունները սիրիական ճգնաժամի ավելի վտանգավոր շրջադարձ կարող են առաջացնել: Կծագի քիմիական նյութերի արտանետումների վտանգը՝ խաղաղ բնակչության եւ բնապահպանության համար իր բոլոր հետեւանքներով: Բացի դրանից, չի կարելի բացառել, որ նման անմիտ գործողության հետեւանքով քիմիական զինամթերքը կամ ռազմական թունավոր նյութերը հասանելի կդառնան գրոհայիններին եւ ահաբեկիչներին: Այստեղից էլ քիմիական զենքը կտարածվի ոչ միայն Սիրիայի տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս», - ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:





























