Արմատական «Թալիբան» շարժումը, ինչպես երեւում է, դուրս է գալիս ընդհատակից եւ մոտ ժամանակներս կարող է դառնալ Աֆղանստանում ընթացող օրինական քաղաքական գործընթացների անբաժան մասը: Ծայրահեղ դպքում թալիբները կարող են 2014թ.-ի ապրիլին երկրում անցկացվող նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին առաջադրել:

«Ներկայումս, մենք չենք պատրաստվում կիսել իշխանությունը թալիբների  հետ, բայց նրանք իրավունք են ստանում մասնակցել ընտրություններին: Նրանք կարող են թեկնածու առաջադրել, ու եթե իսկապես հաղթեն ընտրություններում, ապա նրանք կկառավարեն երկիրը», - ֆրանսիական  մամուլին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի  արտգործնախարար Զալմայ Ռասուլը:

«Մեր երկրում քաղաքական գործընթացները պետք է լինեն մաքուր աֆղանական եւ ընթանան Խաղաղության բարձրագույն  խորհրդի շրջանակներում, որի ղեկավարը  նշանակվել է նախագահ Համիդ Քարզայի եւ երկրում գործող մյուս ուժերի կողմից», - հայտնել է արտգործնախարարը:  Թալիբների հետ  երկխոսության հիմնական եւ պարտադիր պայման է հանդիսանում  նրանց կողմից  Աֆղանստանի Սահմանադրության դրույթների ճանաչումը, հայտարարել է Ռասուլը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրատվամիջոցների հետ շփման ընթացքում բարձրացվել է նաեւ Աֆղանստանում առկա կոռուպցիայի հարցը: Ռասուլը խոստովանել է երկրում դրա առկայության մասին: «Այդ իրողությունն անմիջականորեն կապված է այն միլիարդների հետ, որոնք միջազգային օգնության անվան ներքո երկիր են մտնում»,- հայտարարել է աֆղանական դիվանագիտության ղեկավարը: