Երեւանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի մթերումները՝ ազդարարելով խաղողի մթերման սկիզբը հանրապետությունում: ԵԿԳ-ն խաղողը Արարատյան դաշտում մթերում է կգ-ը 145 դրամով՝ 5 դրամով թանկ, քան անցյալ տարի: Ընդ որում՝ ԵԿԳ-ն որոշել է մթերել 35 հազ. տոննա խաղող՝ ինչը 10 հազ. տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: «Լուսի պես խաղող են աճեցնում»,- ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը գոհ էր խաղողի որակից՝ ելնելով դաշտերում կատարած մոնիտորինգից: Սակայն երբ բեռնատարները բեռնաթափում էին խաղողը՝ Ա. Գրիգորյանը մի փոքր հիասթափվեց, իր խոսքով՝ «զիբիլը շատ էր»: Լաբորատոր ստուգումն էլ պարզեց, որ շաքարայնությունը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին, երբ այն կազմում էր 20,2, իսկ այսօր 20-ը չէր գերազանցում, խմբաքանակներից մեկում էլ 17,4 էր:

Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ հաջորդ տարի մթերման ծավալը կհասցնեն մինչեւ 42 հազ. տոննայի:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ մյուս գործարանները խաղողի մթերումը կսկսեն 2-3 օրից: Նրա խոսքով՝ արդեն իսկ 170 հազ. տոննայի խաղողի պահանջարկ կա, սակայն ամենայն հավանականությամբ կմթերվի 156 հազ. տոննա:  Ըստ Ս. Կարապետյանի՝ 2 ընկերություն կա, որոնք պատրաստ են անսահմանափակ խաղող մթերել:

Խաղողի բերքն այս տարի սպասվում է 241 հազ. տոննա՝ նույնքան, որքան անցյալ տարի էր; Ճիշտ է՝ Արմավիրի մարզում կարկտահարությունը վնասել է զգալի ցանքատարածություններ, սակայն գյուղնախարարը վստահեցրեց, որ մյուս շրջաններում աննախադեպ բարձր բերք է ստացված: