Հայաստանում աճեցվող խաղողի 1 կգ-ի ինքնարժեքը Արարատյան դաշտում կազմում է 80-85 դրամ, իսկ խաղողը մթերվում է 145 դրամով; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին լրագրողներին ասաց Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: Սակայն մի խումբ գյուղացիներ ԵԿԳ Այգավանի մասնաճյուղում, խաղողը հանձնելու ընթացքում, մոտեցան Ա. Գրիգորյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ խնդրելով եւս 20 դրամով բարձրացնել խաղողի մթերման գինը: Գյուղացիները դա բացատրեցին նրանով, որ խաղողի ինքնարժեքը իրենց վրա 120-125 դրամ է նստում, հետեւաբար՝ ամեն կգ-ից 20-25 դրամ եկամուտ ունեն:

ԵԿԳ տնօրեն Ա. Գրիգորյանը կտրականապես չհամաձայնեց գյուղացիների հետ, ինչի պատճառով կրքերը մի պահ թեժացան; «Սա բիզնես է, եթե ես խաղողը թանկ գնեմ, կոնյակը չկարողանամ վաճառել՝ գործարանը փակելու եմ: Դու դրանից շահելու ե՞ս»,-գյուղացիներին դիմեց Ա. Գրիգորյանը: Սակայն հավաքվածներն իրենց հաշվարկներն ունեին: Նրանք պնդեցին, որ հա-ից ընդամենը 400-500 հազ. դրամ եկամուտ ունեն, ու դա ամբողջ տարվա համար է:  «Խաղողագործությունը կվերանա»,- հայտարարեց Տափերական գյուղի մի բնակիչ:

Իրավիճակը չթուլացրեց նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի միջամտությունը: Նա հիշեցրեց գյուղացիներին, որ կառավարությունը սուբսիդավորում է պարարտանյութերը, դիզվառելիքը ու վարկը, սակայն գյուղացիներն էլ հակադարձեցին, որ դրանից օգուտը մեծ չէ: «Բացեք սահմանը, խաղողը տանենք Վրաստան»,- գյուղնախարարին դիմեց գյուղացիներից մեկը: «Սահմանը բաց է, հիմա էլ կարող եք տանել»,- պատասխանեց Ս. Կարապետյանը:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը նույնպես ներկա էր եւ չմիջամտեց, սակայն երեւում էր՝ հակված է պաշտպանելու գյուղացիների տեսակետը:

Բանավեճը արդյունք չտվեց՝ Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ թույլ չի տա ճնշել իրեն, ու թեկուզ 1 դրամով գինը չի բարձրացնի: