Հայաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում, Շիրակի մարզային վարչությունում եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու եւ առկա մարմնական վնասվածները չարձանագրելու փաստերին։
Ուսումնասիրելով «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավոր Հարություն Սարգսյանի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված եւ 2012թ. հունիսի 25-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. օգոստոսի 26-ի որոշումը՝ դատախազը պարզել է, որ 2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության Շիրակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ: Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
2012թ. ապրիլի 12-ին՝ ժամը 17.30-ին, հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժին է բերման ենթարկվել Հարություն Սարգսյանը, ով ժամը 20-ից մինչեւ 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.15-ը, հարցաքննվել է որպես վկա։ Նշված հարցաքննության ժամանակ նա իր նկատմամբ կիրառված բռնության մասին որեւէ փաստական տվյալ չի հայտնել, ցուցմունքը գրառել է անձամբ, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրությամբ հաստատել է գրառվածի ճշտությունը։ 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.35-ին, Հարություն Սարգսյանը ձերբակալվել է, այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում նույնպես իր նկատմամբ կիրառված բռնության մասին որեւէ փաստական տվյալ չի հայտնել, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրել է արձանագրությունը։ Նույն օրը Հարություն Սարգսյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, որտեղ ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածների առկայություն չի արձանագրվել։
2012թ. ապրիլի 14-ին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ, Հարություն Սարգսյանը, չնայած հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հայտնել է, թե ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, ապա՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնուհետեւ՝ Երեւան տեղափոխվելուց հետո բռնության է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն հրաժարվել է նրանց ինքնությունը հայտնել։
2012թ. ապրիլի 15-ին Հարություն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին է փորձել նրան հարցաքննել, սակայն վերջինս դարձյալ հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել հարցերի։ Դրանից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ներկայացվել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկմանը մասնակցելու համար, դատարանը փաստել է, որ նա ձերբակալվել է 2012թ. ապրիլի 12-ին՝ժամը 17.30-ին, միջնորդության քննարկումը նշանակվել է 2012թ. ապրիլի 15-ին՝ ժամը 17.00-ին, պաշտպանների կողմից դատարան ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո այն սկսվել է ժամը 17.52-ին։
2012թ. ապրիլի 16-ին, քննիչի կողմից կայացվել է որոշում՝ Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի թիվ 494/հ եզրակացությամբ փաստվել է, որ Հարություն Սարգսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ եւ ձախ ականջախեցիների հետին մակերեսների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի, ձախ բազկի ս/3-ի եւ ձախ ազդրի վ/3-ի հետին մակերեսների, ձախ սրունքի մ/3-ի առաջաներսային մակերեսի արյունազեղումների, ինչպես նաեւ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի քերծվածքի ու հետին մակերեսի՝ անցումով գոտկայինհատվածի քերծվածքների ձեւերով, պատճառվել են բութ առարկաների ներգործության հետեւանքով, որոնք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
2012թ. ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկվել ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետի 2012թ. ապրիլի 16-ի գրությունը եւ կից փաստաթղթերն այն մասին, որ 2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11.20-ին, ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ է ընդունվել քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Հարություն Սարգսյանը, ում բժշկական զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ կալանավորի բանավոր հայտարարության, առաջացել են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություններ գործադրելու հետեւանքով: 2012թ. ապրիլի 23-ին հիշյալ նյութերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նյութերի նախապատրաստման ժամանակ Հարություն Սարգսյանը բացատրություն է տվել, որ 2012թ. ապրիլի 12-ին՝ երեկոյան ուշ ժամի, ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը, ինչպես նաեւ դիմակավորված 7-8 անձ ձեռքերով եւ ռետինե մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել, այնուհետեւ տեղափոխել են մեկ այլ աշխատասենյակ, որտեղ շարունակել են նույն գործողությունները։ Դրանից հետո նույն աշխատասենյակում քննիչը հարցաքննել է իրեն, որի ընթացքում աշխատասենյակ է մտել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, քննիչից թույլտվություն ստանալով, մի քանի հարցեր տվել իրեն, իսկ հարցաքննության ավարտից հետո տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ մարզային վարչության պետը, նրա տեղակալը եւ քաղաքացիական հագուստով 2 անձ կրկին ռետինե մահակով ծեծի են ենթարկել իրեն ու սպառնացել։ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Հարություն Սարգսյանին 2012թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխելուց հետո ՁՊՎ ոստիկանների կողմից թույլ է տրվել անփութություն՝ ձերբակալվածը պատշաճ զննության չի ենթարկվել, եւ առկա մարմնական վնասվածները չեն արձանագրվել, սակայն նշված անզգույշ գործողությունների հետեւանքով էական վնաս չի պատճառվել ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության օրինական շահերին, ուստի բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը: Միաժամանակ եզրահանգել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն, ուստի նրանց արարքներում բացակայում է հանցակազմը։
Վերոգրյալի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2012թ. հունիսի 25-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013թ. օգոստոսի 26-ի ԵԿԴ/0103/11/13 որոշմամբ վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2012թ. հունիսի 25-ի որոշումը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը՝ այսօր որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։
Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:





























