Այս տարվա հոկտեմբերին ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անցկացվելու են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Այդ մարզումների նպատակն է.

1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման եւ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:

2.Բարձրացնել պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:

3.Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ: