Բնապահպանության նախարարությանը ներկայացվել է այն կազմակերպությունը, որը զբաղվել է Խոսրովի արգելոցին հարակից տարածքում Կարմիր գրքում ներառված կենդանիների նկատմամբ որս կազմակերպելու գործով։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
«Դա այն կազմակերպությունն է, որը 2004թ–ին կառավարության համապատասխան որոշմամբ վարձակալությամբ տարածքներ է վերցրել ու դրանցում սիրողական որս կազմակերպելու թույլտվություն է ունեցել։ Մենք նրանց խորհուրդ ենք տվել կամավոր ներկայանալ ոստիկանություն ու ոստիկանության հետ համագործակցեն տվյալ դեպքի պարզաբանումները տալու կապակցությամբ»,-ասաց Ա. Հարությունյանը։
Նախարարը նաեւ նշեց, որ նախարարությունը չի խրախուսում նման որսի կազմակերպումը եւ հսկողություն է իրականացնում որսագողությունը կանխելու համար։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են արտասահմանցիները Հայաստանում Կարմիր գրքում ներառված կենդանիներ որսում։ Որսն էլ կազմակերպում էին տեղի որսորդները։
Հավելենք, որ Բնապահպանության նախարարությունը նախապատրաստել է համապատասխան նյութեր եւ դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը:





























