Ախալքալաքի շրջանային դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կայացել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանի հերթական դատավարությունը, որի ժամանակ դատարանը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել նրան, հաղորդում է am.sknews.ge կայքը:
Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Արմեն Չախալյանին՝ 4 տարի պայմանական եւ 2000 լարի տուգանք սահմանելով:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։
«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։»,- նշել էր «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։
Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հատուկ ջոկատայիններից կողմից հունիսի 28-ին, իսկ հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ (խուլիգանություն), 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:




























