Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Ե. Բ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմեն Ռեիզյանը Երեւան քաղաքի Լենինգրադյան 4-րդ շենքի 73-րդ բնակարանի դռան 2013 թվականի մայիսի 3-ի հրկիզման դեպքով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նույն օրը տված հաղորդման կապակցությամբ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ կեղծիքներ է հայտնաբերել:

«Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում ոստիկանության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կեղծ գրառումներ է մտցրել արձանագրության մեջ` կեղծել է մասնագետի, բնակարանատիրոջ, ընթերակաների ստորագրությունները, զննության նկարագրական մասում չի արձանագրել մասնագետի կողմից հայտնաբերված եւ առգրավված հետքը:

Նախաքննությունը շարունակվում է: