Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը, միգուցե պարտադրված, բայց վտանգում եւ հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր խոսքում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Վերջին օրերին Հայաստանում հիմնական քննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, համաձայն որի ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել: Ոզում եմ ընդգծել, որ  բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարեւորությունը,  պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում եւ հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարեւորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրեւ հակասահմանադրական քայլ, քանզի  եթե մանրամասնորեն ծանոթանանք Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին եւ դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումը առավել ակնհայտ կդառնա: Մասնավորապես՝  Եվրասիական տնտեսական միության եւ Մաքսային միության կարեւորագույն մարմիններից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է՝ միասնական, մշտական գործող կարգավորող մարմին: Այս հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ, այն անդամ պետություններից որեւէ մեկի կառավարությանը չի ենթարկվում եւ այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն եւ տեխնիկական կարգավորումներ: Սահմանում է անդամ պետությունների առեւտրային կարգը երրորդ պետությունների հետ:

Իր ազդեցությունն ունի անդամ պետությունների էներգետիկ, մակրոտնտեսական, արժութային քաղաքականության մշակման վրա: Կարգավորող դերակատարություն ունի նաեւ անդամ պետությունների ֆինանսական շուկայում՝ մասնավորապես բանկային, ապահովագրական, արժույթի եւ արժեթղթերի ոլորտում:

Կարծում ենք, այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային՝ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու պարագայում սահմանափակվելու ՀՀ ինքնիշխանությունը, մեր պետությունը դնելով ուղղակիորեն կախվածության մեջ մեկ այլ երկրից, հետեւաբար հակասելով նաեւ ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Ուզում եմ փաստել, որ ՀՀ Սահմանադրությունը  վերպետական որեւէ մարմնի գոյություն ՀՀ-ի նկատմամբ չի նախատեսում, ընդհակառակը՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝  «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ եւ 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

Եւ վերջում՝  երբ խոսք է գնում Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության պարտականությունների իրականացման մասին, ինչպես նաեւ շահարկվում է ՀՀ եւ ԼՂՀ անվտնագության հարցը, ապա ինչո՞ւ ենք մենք շրջանցում տակավին վերջերս մեր ռազմավարական գործընկերոջ կողմից այդ պարտականությունների խախտման աղմկահարույց դեպքը: Խոսքը ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից  մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինության վաճառքն է Ադբեջանին: պարզ է, որ այդ զենքը ուղղված է  Լեռնային Ղարաբաղի եւ ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի դեմ: Մինչդեռ, 1997թ. ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ցավով եմ արձանագրում, որ այս հարցը պետական մակարդակով արձագանք չգտավ:

Այս օրինակն էլ բավական է, հասկանալու համար, որ  ավելի մեծ հարված ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության հիմքերի թուլացումն  է, հնարավոր չէ պատկերացնել:

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքը կենսունակ եւ զարգացող պետություն ունենալն է»: