Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Ուշադրության է արժանի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:
Առաջին, կողմերը հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:
Երկրորդ, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը եւ թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:
Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:
Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների եւ արեւմտամետների»:





























