Հայաստանը կանգնած է պատասխանատու եւ պատմական ընտրության առջեւ. խոսքը վերաբերում է Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրելու եւ Մաքսային միությանը միանալու հարցին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Մի կողմ թողնելով բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների քաղաքականապես անհասկանալի, իրարամերժ եւ հակասական կեցվածքը, որն առանձին քննարկման թեմա է, ուզում եմ անդրադառնալ խնդրի բուն էությանը:
Արեւմուտքը լավագույնս գիտակցում է, որ եվրոկառույցներ ինտեգրելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին` նա թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` ժամանակի եւ տարածության մեջ ունենալով հեռահար այլ նպատակներ: Ռուսաստանը նույնպես գիտակցում է պահի լրջությունը եւ Հայաստանը եվրոպական կառույցներին ընտեգրվելով` նա վաղ թե ուշ կորցնելու է իր ազդեցությունը հարավային կովկասում` նկատի ունենալով անդրկովկասյան մյուս երկու հանրապետությունների հետ բարդ եւ ոչ կայուն հարաբերությունները: Այս երկու ուժային կենտրոններից որեւէ մեկին Հայաստանի միանալը ունի բարձր գին եւ բացառիկ քաղաքական նշանակություն:
Մենք, որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք կռվախնձոր չդառնալ ուժային կենտրոնների միջեւ, չենթարկվել ճնշումների կամ սին խոստումների եւ առաջնորդվել համազգային եւ պետական շահի հստակ գիտակցումով: Իսկ դա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հարցն է, որը պայմանավորված է Արցախի պետականության ճանաչումով:
Եվրամիության անդամ պետությունների գերակշիռ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, եւ դա այն դեպքում, երբ Արցախը, որպես վարչատարածքային անկախ պետական միավոր, ավելի կայացած է, քան ինքը` Կոսովոն, ինչը չեն ժխտում Եվրոպայում: Արեւմուտքը համառորեն աչք է փակում այս կայացած փաստի վրա: Նույն պատկերը տեսնում ենք մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի դեպքում: Ամենատարբեր պատրվակներ վկայակոչելով` Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հրվ. Օսիայի անկախությունը, եւ դա այն դեպքում, որ, ով-ով, բայց Ռուսաստանը լավագույնս տեղյակ է, որ ԼՂՀ-ն, որպես անկախ պետական կազմավորում, շատ ավելի կայացած եւ կազմակերպված է, քան նշված երկու նորաստեղծ հանրապետությունները: Երկու դեպքերում էլ ակնհայտ է երկակի ստանդարտի առկայությունը եւ ուժային կենտրոններն էլ ստույգ գիտեն, որ որեւէ պետության ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը տվյալ պետության միջազգային իրավունքի սուբյեկտ լինելն է: Այլ խոսքով` այս դեպքում ԼՂՀ-ի ճանաչումը:
Կարծում եմ, որ Հայաստանի` այս երկու այլանսներից որեւէ մեկին միանալը պետք է պայմանավորի ուղղակի ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործոնով եւ դա պետք է արվի միջազգային հանրության համար հրապարակային, փաստարկված, եւ որ ամենակարեւորն է, արժանապատիվ կեցվածքով:
Եվ չպետք է շտապել որեւէ կառույցի միանալ, քանի դեռ ակնհայտ չէ մեր ազգային անվտանգության համար այս կարեւորագույն հարցի լուծումը: Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի եւ պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով: Ասել է թե` Արցախի անկախության ճանաչումով եւ կարծում եմ՝ սա պետք է լինի մեր իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին դրված հիմնական պահանջ-առաջարկությունը: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, նախընտրելի է այն միավորը, որն իրական քայլեր կձեռնարկի Արցախի անկախությունը ճանաչելու համար»:





























