Եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա պետականության իմաստով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա նշեց, որ մտածող զանգվածը պետք է կոնսոլիդացվի, պետք է ձեւավորի օրակարգ եւ ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է անի այդ իշխանափոխությունը։ Երվանդ Բոզոյանը շեշտեց, որ հասարակությունը քնած է, քաղաքական դաշտը՝ նույնպես, իսկ իշխանությանը ձեռնտու է այս վիճակը։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ նշեց, որ Հայաստանին իշխանափոխություն պետք չէ, պետք է արժեհամակարգի եւ կառավարման համակարգի փոփոխություն։ Նրա կարծիքով՝  իշխանափոխությունը վիճակի էլ ավելի վատացման կբերի, իսկ ճանապարհային քարտեզ պետք չէ փնտրել, քանի որ արդեն մեկ տարի է, առկա է «Նախախորհրդարանի» ճանապարհային քարտեզը։

«Նույն համակարգի մեջ եթե մարդկանց փոխում եք, արդյունք մի սպասեք, եթե ձեր մոտ «Զապորոժեց» մեքենա է, Շումախեր էլ դնեք, մեքենան կմնա «Զապորոժեց»,- ասաց Հարություն Մեսրոպյանը։