Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը բազմաթիվ դատեր է պարտվում, ու այդ պատճառով պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվում հայցվորներին՝ որպես փոխհատուցում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հարց ուղղելով ՀՀ Արդարադատության խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բադիրյանին:
Ըստ Ա. Ռուստամյանի՝ դատավորները պետք է փոխհատուցեն այն գումարները, որը նրանց մեղքով վճարվում է հարկատուների գրպանից:
Գ. Բադիրյանը պատասխանեց, որ Եվրադատարանը վարույթ է ընդունում միայն այն գործերը, որտեղ խախտվել են մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթները: Իսկ կոնվենցիայի դրույթները խախտվում են երբեմն ոչ թե դատավորի մեղքով, այլ որ օրենքները հակասում են այդ կոնվենցիային: Իսկ եթե մեղքը դատավորինն է՝ ապա որոշակի կարգապահական տույժեր նախատեսվում են:





























