Բնության համաշխարհային հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո եւ WWF Գերմանիայի, Orange Արմենիայի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության եւ Պրոմեթեյ բանկի աջակցությամբ սկսում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ:
Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու եւ 11 էգ առանձնյակների ձեռքբերում եւ տեղափոխում Հայաստան, կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք եւ բազմացում, իսկ այնուհետեւ նրանց ազատ արձակում բնություն եւ հետագա մոնիթորինգ:
«Այս ծրագիրը աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ օրս մեր երկրում անհետացած կենդանատեսակի վերաբնակեցում չի իրականացվել: Այսպիսով ծրագրի բարեհաջող ավարտից հետո Կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերաբնակեցվի Հայաստանում», - ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ծրագրի ֆինանսավորող գործընկերներն են WWF Գերմանիան՝ 25 600 000 ՀՀ դրամի եւ Orange Արմենիան՝ 10 000 000 ՀՀ դրամի աջակցությամբ: Orange Արմենիան վերոնշյալ գումարը հատկացրել է WWF-ի եւ Orange-ի երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որը մեկնարկել է մեկ տարի առաջ: Orange Արմենիան Հայաստանում WWF Հայաստանի բնապահպանական գործունեությանն է հատկացնում իր վաճառակետերում էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի եւ սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Էկո-վարկանիշը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների եւ նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա:
Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հարավային Կովկասի ամենավտանգված տեսակներից է: Հյուսիսային, Արեւելյան եւ Հարավային Հայաստանի անտառներում երբեմնի տարածված այս ցեղատեսակը տասնյակ տարիներ առաջ որսագողության եւ ապրելավայրերի խաթարման պատճառով վերացել է Հայաստանից եւ այժմ դիտարկվում է որպես հարեւան հանրապետություններից Հայաստանի տարածք պատահականորեն մտած կենդանի:
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես«Կրիտիկական վիճակում գտնվող»:





























