Խաչատրյանների կողմից զինդատախազին կաշառք տալու մասին լրատվամիջոցների տեղեկությունների (լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե Սուրեն Խաչատրյանը զինվորական դատախազին 4 մլն դոլար կաշառք է տվել-խմբ) հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
Նա նշեց, որ քննության ընթացքում կպարզվի այդ հանգամանքների օրիանականությունը, եւ դրանից հետո համապատասխան ընթացք կտրվի։
Նա շեշտեց, որ զինդատախազի կողմից նախաքննության մարմնի վրա ճնշումներ չեն գործադրվել, նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել, կարող է լինել այն դատավարական հսկողությունը, որը իրականացնում է համապատասխան դատախազը։
Արմեն Հարությունյանն ասաց, որ հետեւում է հանրային արձագանքին, ՊՆ քննչական ծառայությունը ինչպես աշխատել է, շարունակելու է աշխատել։ Նա շեշտեց, որ իրենց կողմից կայացրած որոշումները օրինական են, դրանք կայացվել են գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, եթե բողոքարկվեն, սահմանված կարգով ընթացք կստանան։ Հարցին, թե Սուրեն Խաչատրյանը չի՞ դիմել պարզաբանման համար, թե ինչի երկու ամիս ապօրինի կալանավորեցին նրա որդուն, քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ առայժմ ոչ ոք նման պարզաբանման համար չի դիմել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























