Պետությունը չի կարող բիզնեսից պահանջել «սպիտակ» աշխատավարձ վճարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր բարեփոխումը նախատեսում է, որ առաջին հերթին իր կենսաթոշակային ֆոնդը վերահսկելու է հենց վարձու աշխատողը:
«Մարդիկ պետք է հասկանան, որ դրանից է կախված իրենց կենսաթոշակային հաշվին պետության վճարած գումարի չափը, իսկ դա, վերջին հաշվով, իրենց ապագա թոշակն է: Այլ հարց է, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն իրավասու է հետեւել՝ չի վճարում արդյոք գործատուն «սեւ» աշխատավարձեր եւ չի խուսափում արդյոք հարկերից», – ասել է Ասատրյանը: Նա հավելել է, որ այդ խնդիրը հեշտացրել է 2013թ. լիովին էլեկտրոնային հարկային հաշվետվությունների անցնելը: «Պետեկամուտների կոմիտեի գործառույթներից մեկը ստվերային զբաղվածությանը եւ եկամուտները թաքցնելուն հետեւելն է»:
Մասնավորապես, կոմիտեն կարող է վերլուծել հայտարարագրվող աշխատավարձերի իրականությանը համապատասխանելը՝ դրանք համեմատելով ոլորտի հետ ընդհանուր առմամբ: «Եթե վերլուծությունը վտանգ հայտնաբերի, ապա պետությունը կարող է ստուգումներ անցկացնել: Սակայն վճռորոշ գործոնը մնում է աշխատակցի պահվածքը: Եթե աշխատողը չի հայտնում գործատուի հետ ունեցած իր խնդիրների մասին, պետությունը իրավասու չէ միջամտել»: Նախարարը նկատել է, որ քաղաքացիները «սեւ» աշխատավարձերի մասին իրենց բողոքները կարող են ուղարկել նաեւ եւ սոցիալական հարցերի նախարարության «թեժ գծին»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում մասնավոր կենսաթոշակային կուտակային համակարգը: Քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները ձեւավորվելու են աշխատավարձի 5%-ից՝ պետության նույնքան վճարումով: Այդպիսով, ապագա կենսաթոշակի չափը կախված կլինի վճարումներից, իսկ Հայաստանում տարածված «սեւ» աշխատավարձերի պրակտիկան կհարվածի մարդկանց ապագա թոշակներին:



























