Սուրեն Խաչատրյանի զենքն ինքնաշեն է, բայց դա քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք չի հանդիսանում։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ քրեական գործով առգրավել են երկու «Պ. Բերետտա» տեսակի ատրճանակներ, դրանցից մեկը պատկանել է Ավետիք Բուդաղյանին, իսկ մյուսը՝ Սուրեն Խաչատրյանին։ Նա նշեց, որ Ավետիք Բուդաղյանին պատկանող «Պ. Բերետտա» զենքը հայտնաբերվել է  դեպքի վայրում: Դեռեւս դեպքից յոթ օր անց Էմիլ Բուդաղյանի կողմից տրված ցուցմունքի համաձայն, իր տեղեկություններով, որդին դեպքի օրը երկու զենք է ունեցել՝ մեկը «Բերետտա» տեսակի ատրճանակ, որը մի քանի օր առաջ է ձեռք բերել, ցանկություն է ունեցել օրինականացնել եւ նվիրել իրեն, այդ հրազենից կրակվել է երկու փամփուշտ։ «Ավետիք Բուդաղյանին պատկանող ատրճանակն ինքնաշեն եւ ապօրինի է գտնվել իր մոտ: Կատարված փորձաքննություններով հիմնավորվել է, որ դեպքի վայրում գործածվել է ընդամենը երեք զենք՝ ՄՌԿ տեսակի հրացան՝ Տիգրան Խաչատրյանի կողմից, որից հինգ գնդակ է արձակվել, «Բրաունինգ» տեսակի ատրճանակը եղել է Զարզանդ Նիկողոսյանի մոտ, դրանից  կրակվել է վեց գնդակ, Ավետիք Բուդաղյանը երկու կրակոց է արձակել «Պ. Բերետտա» տեսակի ատրճանակից։

Մյուս «Բերետտա» ատրճանակը պատկանել է Սուրեն Խաչատրյանին, այն դեպքի օրը չի գործածվել, եւ օրինական զենք է. առկա է ոստիկանապետի հրամանը՝ զենք կրելու թույլտվության մասին, զենքը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ։ Միայն ինքնաշեն լինելու հանգամանքը քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք չի հանդիսանում, հրազենը պետք է գտնվի տիրապետողի մոտ ապօրինի կերպով։  Զարզանդ Նիկողոսյանի օգտագործած զենքը եւս Սուրեն Խաչատրյանի անվամբ է, այն օրինական գրանցված է»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը: «Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Սեպտեմբերի 7-ին Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am