Երեւանի զարգացման ծրագրերում երեւանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երեւանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։
«Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը երեւանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է, քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները նույնպես ավելի լավ, գեղեցիկ, ավելի հարմարավետ Երեւան ունենալուն ծառայեցնելն է։ Նամակներն արկղերից հանվելու են շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ կախված դրանց քանակից, հասարակության ակտիվությունից։ Դրանք բոլորը ներկայացնելու ենք քաղաքապետին։ Առաջարկությունները խմբավորելու ենք ըստ առաջնահերթության, ոլորտների, իսկ լավագույն առաջարկների հեղինակներն էլ հրավիրվելու են քաղաքապետարան՝ քննարկումներին մասնակցելու»,-մանրամասնել է Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների մարդաշատ վայրերում Առաջարկությունների առաջին տաղավարներն արդեն տեղադրվել են։ Մյուս վարչական շրջաններում դրանք տեղադրվելու են հաջորդ շաբաթվա ընթացքում։





























