Հայաստանի ՊՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են նաեւ Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաեւ հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են հանդես եկել եւ պարզաբանումներ  տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների:

Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» եւ «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական եւ սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից: Խնդիրը, ըստ ազատամարտիկների,  ծագել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման եւ հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաեւ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:

Հիշյալ եւ այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝  օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դավիթ Տոնոյանը մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել եւ գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու եւ լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով  նաեւ ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար: