Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 8-ին ջրահեղձված 28-ամյա Դ.Մ.-ի դին հայտնաբերվել է այսօր` սեպտեմբերի 11-ին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Նա նշեց, որ դին հայտնաբերվել է խորտակման վայրից մի քանի կիլոմետր հեռու: «Հարազատներն այնտեղ են, այսօր կամ վաղը կտեղափոխեն Հայաստան»,- ասաց դեսպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում, սեպտեմբերի 8-ի կեսգիշերին, ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հետագայում պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Դ. Մ.-ն է: Դ.Մ.-ն կնոջ եւ երեխայի հետ եկել էր Բաթումի` հանգստանալու, ապրում էին վարձով բնակարանում: «Ոչ կինը, ոչ ինքը լողալ չեն իմացել, երկուսով մտել են, խեղդվելիս են եղել: Կինը կարողացել է փրկվել՝ ամուսնու օգնությամբ, իսկ ամուսինը խեղդվել է: Այդտեղ տարածքում կարմիր դրոշակներ կային, որ պետք է զգույշ լինել կամ ցանկալի չէ լողալ»,- փոխանցել էր դեսպանը:





























