Այս տարի ցիտրուսային կուլտուրաների առատ բերք է սպասվում Աջարիայում եւ պետք է ապահովել դրա որակյալ տեղափոխումը Հայաստան: Այս մասին Բաթումիում ՀՀ Լոռիի մարզի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն:
Նշենք, որ սեպտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով Բաթումիում էր գտնվում ՀՀ Լոռիի մարզի պատվիրակությունը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ Լոռիի մարզի այն քաղաքապետերը, որոնց գլխավորած քաղաքները քույր քաղաքներ են Աջարիայի առանձին քաղաքների հետ. Սպիտակը` Խելվաչաուրիի, Ալավերդին` Քոբուլեթիի եւ Ախթալան` Չաքվիի հետ:
Այցը նախապատրաստվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով:
Սեպտեմբերի 9-ին Բաթումիի քաղաքապետ Ջեմալ Անանիձեի հետ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են Աջարիայի Ինքնավար Հանրապետության եւ Լոռիի մարզի քույր քաղաքների, մասնավորապես Բաթումի եւ Վանաձորի միջեւ համագործակցության հետագա ընդլայնման հարցում իրենց շահագրգռվածությունը: Բաթումիի քաղաքապետը հակիրճ ներկայացրել է Բաթումիի զարգացման հեռանկարները, ընդգծել բաթումահայերի ակտիվ դերը քաղաքի զարգացման գործում: Առիթն օգտագործելով` դեսպան Մանուկյանը բարձրացրել է բաթումահայության համար մշակութային կենտրոն կառուցելու անհրաժեշտության հարցը եւ այդ նպատակով հորդորել քաղաքային իշխանություններին` համապատասխան հողատարածք հատկացնելու համայնքին:
Այնուհետ Ինքնավար հանրապետության կառավարությունում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ: Աջարիայի ղեկավարը մանրամասն ներկայացրել է Ինքնավար հանրապետության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները, հատկապես կանգ առնելով զբոսաշրջության ոլորտի վրա, որը կենսական նշանակություն ունի Աջարիայի համար:
Նշվել է, որ Աջարիայի արեւելքում նախատեսվում է լեռնադահուկային նոր կենտրոնի կառուցումը, ինչի արդյունավետ շահագործումն անհնարին է առանց որակյալ ճանապարհի, իսկ այդ ճանապարհը` Բավրա-Ախալցխա-Ադիգենի-Խուլո-Բաթումի ճանապարհի ամենաանորակ հատվածն է: Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է վերոհիշյալ ճանապարհի վերանորոգման հարցում, քանի որ այն զգալիորեն կրճատում է Երեւան-Բաթումի երթուղու տեւողությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն իսկ նորոգվում է ճանապարհի Ադիգենի-Խուլո հատվածը:
Հաշվի առնելով, որ Աջարիան Հայաստանին ցիտրուսային կուլտուրաների հիմնական մատակարարն է, Խաբաձեն տեղեկացրել է, որ ընթացիկ տարում առատ բերք է սպասվում եւ պետք է ապահովել դրա որակյալ տեղափոխումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Աջարիայի ծովափերին հանգստացողների անվտանգության եւ փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին հարցը: Վարչապետը հավաստիացրեց, որ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում` թե տեխնիկական վերազինման, թե փրկարարների թվակազմի ավելացման ուղղությամբ:
Բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ Լոռիի մարզի եւ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջեւ համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը:
Օրվա երկրորդ կեսին Լոռիի մարզի պատվիրակությունն այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցի, ուր հանդիպեց աջարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդել է մասնակցությունն Աջարահայ համայնքի «Աղբյուր» էլեկտրոնային կայքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Բաթումի «Բարեկամության տանը»: Կայքի շնորհանդեսից հետո ողջույնի եւ աջակցության իրենց խոսքն են հնչեցրել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:





























