«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու իշխող վարչախմբի հրապարակված նպատակը:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է.

«Նույնպես դատապարտելի է զուգահեռաբար Եվրամիության հետ գաղափարախոսական մերձեցումը շարունակելու հայտարարված ցանկությունը:

Անկախ հնարավոր պարտադրանքներից, Հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը` հանցակցաբար իր նախորդների եւ ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ:

Իշխանությանն անօրինաբար տիրացած եւ ժողովրդական աջակցությունից զուրկ որեւէ պաշտոնյայի ստորագրություն կամ մարմնի վավերացում իրավական ուժ ունենալ չեն կարող եւ առաջին իսկ ազգընտիր կառավարության կողմից չեղյալ են համարվելու:

Կարեւոր ենք համարում ընդգծել, որ «Հայազնի» դիրքորոշումը ոչ մի առնչություն չունի Եվրամիության մեջ ներառվելու կողմնակիցների նույնքան մերժելի դիրքորոշման եւ դրանից բխող բողոքի դրսեւորումների հետ:

Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք համեմատել Մաքսային միության անդամությամբ կամ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված տնտեսական օգուտներն ու վնասները, ընդգծելով ամենագլխավոր եւ ընդհանուր վնասը` արտագաղթի ու ժողովրդագրական ճգնաժամի խորացումը, ինչպես նաեւ, զույգ ինտեգրացիաների դեպքում, Հայաստանի գրավվմանը զուգահեռ, Արցախը Ադրբեջանին թողնելու անխուսափելիությունը:

«Հայազնը» եւս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական ծրագրում ամրագրված արտաքին քաղաքականության սկզբունքները, մասնավորապես` չմիացման սկզբունքը, ինչպես նաեւ ազգային հեղափոխության միջոցով ինքնիշխան եւ բնույթով ազգային պետություն կերտելու հրամայականը»: