Անցած տարվա համեմատ 51 պետական մարմինների պաշտոնական կայքերից 32-ի ցուցանիշները տեղեկատվության թափանցիկության առումով բարելավվել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով, մայիսի 1-ից օգոստոսի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրած Հայաստանի պետական մարմիների պաշտոնական կայքերի հերթական մոնիթորինգի արդյունքները՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով։

Նա նշեց, որ կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափորոշիչով, որոնցից 131-ը բովանդակային են, իսկ 21-ը՝ տեխնիկական։  Ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի, առաջինում ընդգրկված են նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերը, երկրորդում երկրի տասը մարզերի պաշտոնական կայքերն են, իսկ երրորդում՝ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, Դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը։

Տեղեկատվության թափանցիկության առումով առաջատարը Տարածքային կառավարման նախարարության կայքն է, երկրորդ տեղում է Միգրացիոն պետական ծառայությունը, երրորդը՝ Արդարադատության նախարարության կայքը։ Աղյուսակում վատ ցուցանիշներ են արձանագրել եւ վերջից առաջատար են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, այնուհետեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարության  կայքերը։

Մարզպետարանների կայքերի վարկանիշային աղյուսակոււմ տեղեկատվական թափանցիկության առումով առաջատարը Սյունիքի մարզի, այնուհետեւ՝ Արմավիրի, Լոռու մարզպետարանների կայքերն են, վերջից առաջատար է Շիրակի մարզպետարանի կայքը։

Երրորդ խումբ կայքերի դեպքում վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այս մարմինների գործառույթներն ու դերը, անհրաժեշտ տեղեկությունների քանակը տարբեր են, հետեւաբար՝ ստացված արդյունքները համադրելի չեն։ Ամեն դեպքում, Տեղեկատվության թափանցիկության առումով բարձր ցուցանիշ է արձանագրել ՀՀ  դատախազության կայք,  ԱԺ-ինը, Երեւանի քաղաքապետարանինը։

Տեղեկատվության թափանցիկության առումով ցածր ցուցանիշներ են արձանագրել ՀՀ նախագահի կայքը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կայքը։

Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ առաջատար կայքերում չկան այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են այդ մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերի, տվյալ պետական մարմնում անցկացված կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալները, ինչպես նաեւ բացակայում են ղեկավարի տեղակալների պաշտոնական ելույթների տեքստերը։ Մյուս թերություններից են տվյալ գերատեսչությունում թափուր պաշտոնների ցանկի, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգի, այդ մրցույթների արդյունքների եւ դրանց բողոքարկման հնարավորությունների, աճուրդների, կնքված պայմանագրերի մասին տեղեկատվության բացակայությունը կամ թերի լինելը։

Նա նշեց, որ բոլոր թերությունները, որ վեր են հանվել մոնիթորինգի ընթացքում, հաջողության կարող են վերացվել, քանի որ այս փուլի արդյունքների հրապարակումից սկսվում է համագործակցության ժամանակաշրջանը, երբ պետական մարմինների ներկայացուցիչները , ԽԱՊԿ մոնիթորինգային խմբի փորձագետների հետ համագործակցելով, կկատարելագործեն պաշտոնական կայքերը։ 

«Այս աշխատանքը ոչ թե ամոթանք տալու համար է, ցանկանում ենք, որ պետական մարմինները իրենց պատասխանատու զգան: Նպատակ ունենք ստեղծել մրցակցային մթնոլորտ»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ իրենց հետազոտություններին հիմնականում էմոցիոնալ արձագանքներ են լինում պաշտոնյանների կողմից, քան հիմնավորված։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am