Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում անդրադարձավ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի քննադատություններին:
Մինչ այդ Հ. Բագրատյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ վիճակագրական ոչ մի թիվ վստահելի չէ, իսկ ծառայությունը «դեզինֆորմացիայի» ծառայություն է:
Ստեփան Մնացականյանը բավական ընդգրկուն «հակաելույթ» ունեցավ՝ Բագրատյանին հիշեցնելով իր բոլոր նախկին մեղադրանքները, ընդհուպ՝ ֆեյսբուքյան էջում գրառումները:
Այսպես՝ Ս. Մնացականյանն ասաց, որ Հրանտ Բագրատյանն օտարերկրյա դեսպաններին դժգոհել է, որ Հայաստանում վիճակագրությունը ցույց է տալիս տարեկան 700 մլն հատ ձվի արտադրություն, ինչը, Բագրատյանի կարծիքով, օրական մարդու հաշվով կազմում է 3 ձու: Հետեւաբար, նախկին վարչապետը եզրակացրել էր, որ նման բան հնարավոր չէ: Սակայն օտարերկրյա դեսպանին զարմացրել էր, որ նախկին վարչապետը հաշվել չգիտի ( 700 մլն ձուն մեկ մարդու հաշվով օրական կազմում է մոտ 0,6 հատ):
Բացի այդ՝ Հ. Բագրատյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ կոմունիստների ժամանակ Հայաստանում 200 հազ. տոննայից ավելի բանջարեղեն չի արտադրվել: Այնինչ՝ 1985 թ. արտադրվել էր 620 հազ. տոննա:
Կամ՝ Հ. Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանում տնտեսական աճը 7,2% է, իսկ իրական աշխատավարձն աճել է 0,1%-ով: Սակայն Ստ. Մնացականյանը նշեց, որ Բագրատյանը իրական աշխատավարձի հաշվարկի համար հիմք է ընդունել 2013 թ. փետրվարը, այնինչ տնտեսական աճը տեղի է ունեցել 2011 թ. համեմատ:
Հ. Բագրատյանը փորձեց արձագանքել, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չտվեց՝ Բագրատյանին խորհուրդ տալով պատասխանելուց առաջ «լավ պատրաստվել»:





























