Այս տարիների ընթացքում մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը անկախությունն է եւ պետականության վերականգնումը: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Նա բնական համարեց նաեւ, որ այս տարիներին իշխանությունները թերություններ էլ են ունեցել, բայց հիմնական թերությունը համարում է այն հանգամանքը, որ անկախության գաղափարն ի սկզբանե ճիշտ չի մեկնաբանվել:
«Անկախությունը բացարձակ արժեք է, այլ ոչ թե սինվոլիկա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ անկախություն ձեռք բերելով Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր եւ ամեն ինչ պետք է անենք, որ դա պահպանվի: «Ունենք շատ վատ, խայտառակ աշխարհագրություն: Ամեն ինչ պետք է անենք, որ դիմակայենք»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը զրկվի անկախությունից: «Դա շատ հասարակ է. ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդիկ լքեն երկիրը, որ իրենց երկրում չմնան: Մի շարք խամաճիկների ձեռքով այնպիսի տպավորություն ստեղծեն, որ մենք ապրում ենք գունազարդ երկրում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ մենք շատ վատ ենք տնօրինում մեր անկախությունը:





























