«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը Երեւանում Բրիտանիայի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակության շնորհիվ իրականացրել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի «Ջեռուցման համակարգ եւ գազիֆիկացում» ծրագիրը:

Նշենք, որ ջեռուցման համակարգի խափանման պատճառով այդ յուրահատուկ կրթօջախը, որը կառուցվել էր բրիտանացիների կողմից Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո եւ բացվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի կողմից, տարիներ շարունակ գտնվում էր բավականին ծանր վիճակում, որի հետեւանքով դպրոցի աշակերտության թիվը տեւականորեն նվազում էր: Վտանգված էր աշակերտների առողջությունը, ինչպես նաեւ կրթօջախի հետագա գործունեությունը:

Ներկայումս դպրոցի խնդիրն արդեն լուծված է, եւ նոր ջեռուցման համակարգի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 12-ին (հասցե` ք. Գյումրի, Մարգարեթ Թեթչերի 1, Լորդ Բայրոնի անվ. թիվ 20 դպրոց):

Միջոցառմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Ավեսը եւ Քեթի Լիչը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորրդ Տ. Միքայել Եպս. Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը /Լոնդոն/, այլ հյուրեր: