Ստացվել է Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երեւանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը եւ 3-4 անհայտ անձինք (Հայազն կուսակցության անդամներ) վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 11-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի եւ արյունազեղման ձեւով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին եւ հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետեւանքների տեւողությունը՝ ոչ պակաս վեց օրից եւ ոչ ավել քսանմեկ օրից»:

Նախաքննություն շարունակվում է: