Լրատվական դաշտում հեղինակային իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը չպետք է վնասեն լրագրողական համերաշխությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ա. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցները միմյանց դեմ դատական գործեր չեն սկսի (դրանք կլինեն ծայրահեղ միջոց), այլ ինքնակարգավորման միջոցով խնդիրը կհարթվի:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարությանը հայտարարեց, որ մտահոգություն կար, որ դատարաններին նոր գործիք է տրվում լրատվամիջոցներին ճնշելու համար, սակայն վնասի փոխհատուցման հնարավորություն կա նաեւ գործող օրենքում, իսկ առաջարկվող նախագծով՝ այդ չափը չի կարող անցնել 200 հազ. դրամը:
Նշենք, որ օրինագծի նպատակն է կարգավորել թերթերից, ամսագրերից եւ էլեկտրոնային կայքերից վերատպումներ կիրառելու համակարգը: Մասնավորապես, թերթերից, ամսագրերից եւ համացանցային կայքերից վերատպումը այլ թերթերում, ամսագրերում եւ համացանցային կայքերում կթույլատրվի միայն արդարացված ծավալով: Անկախ հրապարակման ծավալից, այն չպետք է լիովին բացահայտի հոդվածի էությունը եւ բացառի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նշել սկզբնաղբյուրը: Էլեկտրոնային լրատվամիջոցների հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում պարտադիր է ակտիվ հղումը:





























