Ոչ Մաքսային միությունը, ոչ էլ Եվրամիությունը ճանապարհային քարտեզ չունի, բայց մեծ հաշվով կա քաղաքական կամք եւ քաղաքական որոշում, եւ ոչ ոք չի կարող խանգարել այդ քարտեզի մշակմանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է Կասպիական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի ինստիտուտի տնօրեն, Հայաստանում Ռուսաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր հայ գործընկերների շրջանում Մաքսային միություն մտնելու հարցում ավելի շատ վատատեսություն է տիրում, քան լավատեսություն: Ես այն մարդկանցից եմ, որոնք դրանում շատ դրական շարժ են տեսնում», - ընդգծել է Վյաչեսլավ Կովալենկոն: Նա հավելել է, որ շուտով Հայաստանում կկայանա միջտարածաշրջանային երրորդ համաժողովը եւ որ առաջին երկու համաժողովները, ցավոք, քիչ բան տվեցին: «Խոսքը ռուսական շրջանների եւ Հայաստանի միջեւ տնտեսական, առեւտրային, հումանիտար հեռանկարային կապերի զարգացման մասին է: Ես մեծ հույս ունեմ, որ հոկտեմբերին կայանալիք երրորդ համաժողովը թույլ կտա ռուսական շրջանների եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական աշխույժ կապեր հաստատել», - նշել է նախկին դեսպանը:
Նրա համոզմամբ՝ դաշնակցային հարաբերությունները, որոնց շրջանակում արվել էր նախագահ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին, վերաբերում են ոչ միայն ռազմատեխնիկական եւ առեւտրային, այլեւ հումանիտար համագործակցությանը, որը ենթադրում է երկու մշակույթների փոխադարձ հարստացում եւ, ի վերջո, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացում Հայաստանում: «Առաջարկում եմ խթանել Ռուսաստանից կրթական միգրացիան Հայաստան: Հենց այս փաստը կարելի է օգտագործել ճանապարհային քարտեզի մշակման եւ մարդկանց դրա իրագործմանը ներգրավելու համար», - ընդգծել է Վյաչեսլավ Կովալենկոն:





























