Առաջիկայում Հարավային Օսիան եւ Աբխազիան չի հաջողվի վերադարձնել Վրաստանի կազմ, սակայն վաղ թե ուշ այդ տարածքները կրկին կվերադարձվեն Վրաստանին, ETV էստոնական հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Դրա համար, առաջին հերթին, պետք է քայլեր ձեռնարկել ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու եւ տնտեսության զարգացման ուղղությամբ, որպեսզի մեր երկիրը գրավիչ դառնա այդ տարածքների համար», - նշել է վարչապետը: Ըստ նրա՝ պատմականորեն այդ տարածքները Վրաստանի մասն են եղել, «եւ դարեր շարունակ մենք կողք կողքի ենք ապրել»:
Վրացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ ՌԴ-ն լքելուց հետո «այլեւս» անձնական կապեր եւ բիզնես չունի Ռուսաստանում: Նա վստահեցրել է, որ հարեւան երկրում ունեցած իր ամբողջ բիզնեսը վաճառել է: «Այդ հարցն արդիական չէ: Նույնիսկ Սահակաշվիլին եւ իր թիմն այլեւս չեն հետաքրքրվում այդ հարցով, քանի որ գիտեն, որ նման կասկածներն անհիմն են», - հավելել է վարչապետը, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:
Օգոստոսյան պատերազմը նա անվանել է Ռուսաստանի կողմից իրականացված «ագրեսիա» եւ «բռնի գործողություն»: «Սակայն եթե Սահակաշվիլիի տգիտությունը չլիներ, որն էլ պատերազմի հանգեցրեց, կարելի կլիներ դրանից խուսափել: Նա աններելի սխալ թույլ տվեց, որն էլ մեզ նման արդյունքի հասցրեց», - ընդգծել է Բիձինա Իվանիշվիլին:





























