Իտալիայի Բոզե վանական համալիրում, սեպտեմբերի 3-7-ին, տեղի է ունեցել ուղղափառ հոգեկանությանը նվիրված «Հոգեւոր կյանքի շրջափուլերը» խորագրով 21-րդ էկումենիկ միջազգային կոնֆերանսը, որին ներկա են եղել 200-ից ավելի աշխարհականներ եւ հոգեւորականներ Ուղղափառ, Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիներից, տարբեր վանքերից եւ քրիստոնեական կազմակերպություններից:
Կոնֆերանսին մասնակցել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, որը ներկաներին է փոխանցել Գարեգին Բ կաթողիկոս օրհնությունն ու բարեմաղթանքները:
Կոնֆերանսի ընթացքում Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն առանձին հանդիպում է ունեցել Բոզեի վանքի հիմնադիր եւ կոնֆերանսի կազմակերպիչ Էնցո Բիանկիի հետ` նրան փոխանցելով Գարեգին Բ-ի օրհնությունն ու ողջույնները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի եւ վանական համալիրի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին եւ հետագա համագործակցության ծրագրերին:
Էկումենիկ միջազգային կոնֆերանսի ժամանակ Ս. Գրքի եւ հայրախոսական ժառանգության լույսի ներքո բանախոսներն անդրադարձել են հոգեւոր կյանքի առանձնահատկություններին եւ արդի մարտահրավերներին, մասնակիցները նաեւ աղոթել են Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում խաղաղության հաստատման եւ ամրապնդման համար:





























