Հայաստանի ոստիկանությունը Ճանապարհների տեսանկարահանող սարքերի արձանագրած արդյունքներից դժգոհ վարորդներին խորհուրդ է տալիս դիմել ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն:
Այս առնչությամբ ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է.
«Վերջին շրջանում լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման եւ դրան հետեւած տուգանքների իրավաչափությունը:
Տեսադիտարկման եւ արագաչափ սարքերի արձանագրած խախտումները վիճարկող քաղաքացիներին առաջարկում ենք ժամանակատար ու ծախսատար դատական պրոցեսների մեջ մտնելու, առավել եւս՝ լրատվամիջոցների օգնությանն ապավինելու փոխարեն գնալ ամենակարճ ճանապարհով՝ դիմել Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն /հասցեն՝ Երեւան, Իսակովի պողոտա 9/ կամ դիմում գրել Ճանապարհային ոստիկանության պետի անունով, կամ էլ զանգահարել 56-29-74 հեռախոսահամարով:
Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում»:





























