Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել նաեւ հայ-սիրիական առեւտրային կապերի վրա: Ճիշտ է՝ հայ-սիրիական առեւտրային կապերը երբեք էլ բարձր մակարդակի վրա չեն եղել՝ մինչ սիրիական ճգնաժամի սկիզբը Հայաստան-Սիրիա առեւտրաշրջանառությունը գտնվում էր տարեկան 4-5 մլն դոլար մակարդակի վրա:
Ըստ մաքսային վիճակագրության՝ 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ու Սիրիայի միջեւ մոտ 550 հազ. դոլարի առեւտուր է տեղի ունեցել՝ 3 անգամ զիջելով 2012 թ. առաջին կիսամյակի մակարդակին:
2013 թ. Հայաստանին հաջողվել է միայն Սիրիա արտահանել ժամացույցներ՝ 170 հատ: Որեւէ այլ արտահանում տեղի չի ունեցել: Նախորդ տարիներին Հայաստանը կարողանում էր Սիրիա արտահանել քարեր, խեցեգործական իրեր եւ այլն:
Սիրիայից ներմուծումն այս տարի ավելի դիվերսիֆիկացված է եղել: Ամենաշատը ներկրվել է կոշիկ՝ 45 հազ. զույգ: Հատկանշական է, որ ներկրված կոշիկի քանակը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճել է: Երկրորդ տեղում լվացող եւ մաքրող միջոցներն են, երրորդում՝ ձավարեղենը:





























