Պոռնոգրաֆիայի, էրոտիկայի եւ սերիալների փոխարեն հեռուստատեսությամբ պետք է «պարբերաբար գովազդել» ազգային արժեքները, որպեսզի փոքր ժամանակվանից աղջիկ երեխան տեսնի, օրինակ, այն, որ եկեղեցում քահանան հարսին հարցնում է՝ հնազա՞նդ ես, աղջիկն ասում է՝ «այո», եւ փեսան էլ ասում է՝ «տեր եմ», ու իմանա, որ պետք է հնազանդ լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ՀՌԱՀ-ի նախորդ տարվա գործունեության զեկույցի քննարկման ժամանակ։
Մինչ խորհրդարանի դահլիճում պատգամավորները փորձում էին զսպել ծիծաղը՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ «չնայած շատ է լինում, որ երկու տարուց տերը հնազանդ է դառնում, հնազանդը՝ տեր»:
Հավելենք, որ քննարկման ընթացքում պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ եթերից հնչող երաժշտությունը հիմնականում համապատասխանում է «տաքսիստների ճաշակին», իսկ սերիալների ազդեցությունն այնքան մեծ է, որ երեխաները խաղում են՝ օգտագործելով սերիալների հերոսների բառապաշարը։





























