Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է հանդես գալ «Մենք միասնական ենք» անվանումը կրող համերգում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 4-ին, Կրեմլի պետական պալատում: «Ի՞նչ եմ կորցրել Կրեմլում: Ինձ հրավիրում են, բայց դուք որտեղ եք լսել, որ ես գնալու եմ: Չեմ ուզում եւ չեմ պատրաստվում գնալ այնտեղ»,-հայտարարել է Կիկաբիձեն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
«Դուք վաստակել եք Ռուսաստանի եւ այլ երկրների շատ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը: կասկածից վեր է, որ Ձեր կողմից ցուցաբերվող արիությունն ու ամրությունը, արդարամտությունն ու սկզբունքայնությունը ցանկալի պտուղներ են տվել ու կտան Ձեր գործունեության մեջ»,-ասված է համերգի կազմակերպիչների՝ Կիկաբիձեին ուղղված նամակում:
Կրեմլյան համերգի կազմակերպիչները մանրամասն պատմել են այն գաղափարների ու նպատակների մասին, որոնք իրենք հետապնդում են: «Հիմնական նպատակը, որն իրենց առջեւ դնում են կազմակերպիչները, քաղաքացիական ներուժի համախմբում Վլադիմիր Պուտինի ծրագրային պլատֆորմի շուրջ եւ ազգային ավանդույթների պահպանում, հասարակական, էթնոմշակութային եւ երիտասարդական կազմակերպությունների ջանքերի միավորում եւ համախմբված քաղաքացիական հասարակության կառուցում՝ հիմնված Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ մշակույթների զարգացման վրա»,-ասված է միջոցառման պաշտոնական կայքում:
Կազմակերպիչները խոստանում են, որ համերգի ժամանակ կներկայացվի «մեր ժողովրդի մեծագույն արժեքները» եւ «մեր նախնիների մշակութային ժառանգությունը»:
Կիկաբիձեն «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո իրեն առաջին անգամ են առաջարկում հանդես գալ Ռուսաստանում: «Հինգ տարի ոչ ոք չէր հարցնում, իսկ հիմա սկսել են: Ես չգիտեմ, ով է համերգի կազմակերպիչը: Ինձ նամակ են ուղարկել, որը ես կարդացել եմ, որից հետո այնպիսի զգացողություն է, որ վերականգնվում է Խորհրդային Միությունը»,-ասել է Կիկաբիձեն:
Հիշեցնենք, որ վրացի երգիչը 2008-ի պատերազմից հետո չեղյալ է հայտարարել բոլոր համերգները Ռուսաստանում եւ մինչ օրս հանդես չի գալիս այդ երկրում:





























