Հատուկ քննչական ծառայությունում շատ պրոֆեսիոնալներ փոխարինվել են երիտասարդ կադրերով, ես այդպես չէի վարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:
Նա նշեց, որ կամա, թե ակամա հետեւում է զարգացումներին, փոփոխություններին իրավական դաշտում, իրեն հատկապես հետաքրքրում է Հատուկ քննչական ծառայությունը: «Շատ պրոֆեսիոնալներ փոխարինվել են երիտասարդ կադրերով, ես այդպես չէի վարվի: Որտեղ ես աշխատել եմ, երբեք մարդուն չեմ ասել. «Դիմումդ գրի, դուրս արի»: Եթե տեսել եմ, որ թույլ է, ուժեղացրել եմ, հասցրել եմ ինչ-որ աստիճանի»,- նշեց նա:
Հարցին, թե դժգոհ եք ՀՔԾ ներկայիս պետ Վահրամ Շահինյանի աշխատանքից, նա զերծ մնաց գնահատական տալուց: Դիտարկմանը, թե նա ձեզնից լա՞վ է աշխատում, որ նրան գերադասեցին ձեզնից, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց. «Երեւի, հարցրեք մյուսներին»: Պաշտոնանկությունից հետո ՀՔԾ նախկին պետը ոչ իրեն փոխարինողի հետ է հանդիպել եւ զրուցել, ոչ էլ գլխավոր դատախազի, «իրենք չեն զանգում, ես էլ չեմ զբաղվում, զբաղված են»:
Պաշտոնանկությունից հետո Անդրանիկ Միրզոյանը պարապ չի մնում, այգի է մշակում, գիրք է գրում, օգտագործում է իր իրավական գիտելիքները, ովքեր դիմում են օգնության համար, խորհուրդներ է տալիս: Նա մտածում է իրավաբանական ծառայությունների գրասենյակ ստեղծելու մասին: Իրեն արված աշխատանքային առաջարկները չի ընդունել, դրանք եղել են, թե մասնավոր, թե պետական ոլորտից, բայց իր համար ընդունելի չեն եղել: Անդրանիկ Միրզոյանը շեշտեց, որ ինքը ցանկանում է այնպիսի աշխատանք, ինչին տիրապետում է կատարելապես, եւ որ այդ աշխատանքով ինքը մարդկանց ինչ-որ բան տա, ոչ թե վերցնի: «Քննչական աշխատանքն է իմ հոբբին, իմ աշխատանքը ես այդտեղ եմ տեսնում, եթե 35 տարին քննիչ եմ աշխատել, գնամ զամմինիստր աշխատե՞մ, թե՞ վարչության պետ: Հիմա էլ է աշխատում, ես պարապ չեմ մնում, պարտադիր չէ պետական պաշտոնում լինեմ, իմ իրավական, ֆիզիկական ուժերը օգտագործում եմ ամեն օր, հիմա ավելի շատ զբաղված եմ, քան պետական պաշտոնյա եղած ժամանակ: Ես տխուր չեմ, ընդհանրապես ես տխուր մարդ եմ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երեւի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ դժվար է տրվել, բայց հիմա նորմալ է, տխուր չեմ»,- ասաց ՀՔԾ նախկին պետը:





























